Սնունդը և առողջությունը
ՆԱՆԵ. Մոլորակը բաց փորձադաշտ
«Օտարից ո՛չ կին առ, ո՛չ սննդամթերք»
Արտաշիր Երվանդունի արքա
Բոլոր ճանապարհները տանում են դեպի … Ո՞ւր… Անունները շատ են, ես բոլորը չեմ թվի, չնայած խոսքը մեկ բանի մասին է… Բայց դա թողնենք վերջում։
Շատ են նաև ճանապարհները դեպի այն տարող։ Եթե այսօր մեկից մյուսն անցնեմ` քայլս կմոլորեմ` ձերն էլ իմի հետ… Առանց այդ էլ մենք արդեն ապրում ենք մի իրականության մեջ, որն այդ բոլոր ճանապարհներին վաղուց գլուխը կորցրած ու հալումաշ` մեզ էլ իր հետ քարշ տալով, շատ շուտով կհանգրվանի մի վերջնակետում, որի մասին մտածելն անգամ սարսափելի է։ Եթե իհարկե չընդդիմանանք։
Այնպես որ գնանք միայն մեկով` չխճճելով ոչ մեր մտքերը, ոչ երթը նաև… Գենոինժեներիա… Ահա այն` գիտության մի նվաճում, որ առաջին պահ, ինչպես ամեն դեպի բարձունք դրված քայլ, միայն ուրախության գիտակցությամբ է համակում։ Բայց ամեն գյուտ միշտ էլ ունի իր` «մեդալի հակառակ կողմը», և ամեն անգամ, ամեն մի նոր հայտնագործությամբ կարծես թե մեր կյանքը քիչ ավելի հեշտացնող գիտությունը իր այն մյուս` հակառակ երեսով, շատ շուտով իր թունոտ քմծիծաղն է նետում` ողբերգությունների և անուղղելի կորուստների տեսքով։
Այդ գիտությո՜ւնը… մարդկությանը միայն փշուրներ նետելով` միշտ էլ առյուծի բաժինը մատուցում է այն ուժերին, որոնք զգոն են միշտ և ճիշտ պահին հաջողեցնում են դեպի իրենց բարեկեցությունն ուղղել առաջընթացի հունը։ Եվ բնական է, որ գնալով, կյանքի կամակոր ընթացքը գրեթե լրիվ արդեն սանձած մարդկությունը, դառնում է ավելի խոցելի ու անպաշտպան բնության, կյանքի և հենց իր` մարդու մատուցած արհավիրքների դեմ։ …Շուտով մենք նախամարդու քարանձավը, երևի թե, մեզ երազ դարձնենք…
Գենետիկ ինժեներիա… այս մեկն էլ` ինչպես մյուս նվաճումներն առաջընթացի, հոսում է լրիվ հակառակ ուղղությամբ և ընդունակ է մյուս գյուտերի նման և առանց նրանց` ողջ մարդկության դեմ դուրս գալ ու,,, հաղթել։ Բայց ինչու` ընդունակ է. Այն արդեն իր գործին է, ու մինչ հաղթանակը, վախենամ, թե այնքան էլ շատ չի մնացել։ Իր սկիզբն առնելով ընդամենը 70-ականներին, այն արագ տեմպերով գրեթե յուրացրել է ամբողջ կենդանի աշխարհը։ Գիշերով ճանապարհ անցնողի պես գաղտագողի իր ուղին հարթելով` թափանցել է մեր կյանքի ամենախոր անկյունները, դարձել մեր առօրյայի, կենցաղի մի մասը. Մենք «վայելում» ենք նրա պտուղները, իսկ իրեն չգիտենք…
Իսկ եղածն այս է. Այսօր արդեն ոչ մի բարդություն չի ներկայացնում ԴՆԹ-ից վերցնել անհրաժեշտ հատկություններ կրող և փոխանցող գեները և դրանք ներմուծել ցանկացած բջջի մեջ, փաստորեն հաղթահարելով միջտեսակային պատնեշները և խառնելով բացարձակորեն իրար հետ չկապված տեսակների ժառանգականությունը։ Այլ բույսի, կենդանու, միջատի, բակտերիայի և նույնիսկ մարդու գեները ներդրվում են բույսերի, ձկների, կաթնասունների քրոմոսոմներում, ինչի արդյունքում ձևավորվում են կենդանի օրգանիզմների նոր` գոյություն չունեցող ձևեր։ Արդեն ստացվել են գենետիկորեն վերափոխված մանրեներ, սնկեր, բույսեր, կենդանիներ…
Գենային ինժեներիայի հնարավորություններն անսահմանափակ են. ցանկության դեպքում կարելի է ստանալ ֆանտաստիկ մթերքներ, բույսեր, կենդանիներ … սկսած նրանց արտաքին տեսքից, վերջացրած ամենաանսովոր հատկություններով։ Օրինակ. կաթը այլևս կարող է չթթվել բարձր ջերմաստիճանից, պոմիդորը կարող է քառակուսի լինել, ինչու չէ` մազեր կամ բուրդ ունենալ, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Ներդրված գենն աշխատում է կոնկրետ օրգանում կամ հյուսվածքում /արմատ, տերև, սերմ/ և անհրաժեշտ ժամանակ /ասենք, միայն ցերեկային լուսավորությամբ/։
Առաջին տրանսգենային, գենոմոդիֆիկացված /ԳՄ/, գենետիկ ձևափոխված /ԳՁ/ բույսը ծխախոտն է, որն այսօր արդեն կազմում է աշխարհում օգտագործվող ծխախոտի գրեթե կեսը, հաջորդը` լոլիկը. ձկան հյուսվածքների սառեցումն արգելակող սպիտակուց կոդավորող կամ դոդոշի գենով, ապա կարտոֆիլը` վնասատու միջատների համար մահացու թույն կոդավորող բակտերիայի կամ ձնծաղկի գենով, հետո… եգիպտացորեն` երաշտի նկատմամբ կայուն կարիճի, ելակ` ցրտադիմացկուն ձկան գենով, չորադիմացկուն ցորեն` ուղտի փշիկի գենով, շաքարի ճակնդեղ, դդմիկ և այլ նոր ու նոր տեսակներ…
Տրանսգեն ցանքատարածություններն ամբողջ աշխարհում արդեն 60 մլն հեկտարից շատ են, դրա 60 տոկոսից ավելին բաժին է ընկնում ԱՄՆ-ին։ ԳՁ մթերքների վաճառքի տարեկան ծավալն արդեն գերազանցում է 100 միլիարդ դոլարը /2004-ի տվյալներով/, ԴՆԹ տեխնոլոգիաներ ներդնելով հաջողվել է ավելացնել խոշոր եղջերավոր անասունների, հավերի, ձկների մթերատվությունը։ Ստացվել են կովեր, որոնց կաթում բարձր է սպիտակուցների, յուղի պարունակությունը։ Իշխանաձկան օրգանիզմի աճի հորմոնում գեն ներմուծելով կարողացել են ստանալ սովորականից մի քանի անգամ չափերով գերազանց ձուկ։ Բայց այն պետք է պահել առանձին, քանի որ կարող է ոչնչացնել մյուս տարատեսակները, բացի այդ նրա մսում բարձր է հորմոնների պարունակությունը։ Ա վիտամինով հարստացված ձևափոխված բրինձը պարունակում է դեղին նարցիսի, վիրուսների ու բակտերիաների նոր տեղադրված գեներ և նրա օգտագործման հետևանքներն անկանխատեսելի են; ԱՄՆ-ում և Արգենտինայում եգիպտացորենի և բամբակաբույսի ցանքերի մեծ մասը տրանսգեն է։ Այսօր աշխարհում արտադրվում և լայնորեն օգտագործվում են 300-ից ավել դեղորայք, վակցինաներ /ինսուլին, ինտերֆերոն և այլն/։
Բիոտեխնոլոգիական կորպորոցիաները, աշխարհի հզորները, ովքեր` ողջ մոլորակը ոսկեբեր գետ դարձրած, ուռճացնում են իրենց դրամագլուխը /հեքիաթայինի սահմաններն արդեն վաղուց անցած/, հայտարարում են, որ իրենց նոր արտադրանքի շնորհիվ կհաղթահարվի համաշխարհային սովը, կվերանան համաճարակները։ Եվ նրանք հեշտ էլ հողագործին հրապուրում են լոլիկի, եգիպտացորենի, հացահատիկի նոր, լավ բերքատու, հիվանդությունների, երաշտի, ցրտի նկատմամբ դիմացկուն տեսակներով։ Առաջին հայացքից կարծես իսկապես էլ ամեն ինչ լավ է և ձեռնտու. գրեթե չեն օգտագործվում թունաքիմիկատներ, հերբիցիդների նկատմամբ կայուն տեսակների շնորհիվ կատարվում են քիչ ծախսեր, նոր տեսակներն արագ են հասունանում, պահվում են երկար և այլն… Սակայն գենային ինժեներիայի ժամանակակից տեխնոլոգիաները մինչև վերջ քննարկված չեն և կարող են հանգեցնել և արդեն իսկ հանգեցնում են անկանխատեսելի հետևանքների։ Ցանկացած նոր բժշկական և բիոլոգիական պրեպարատ թույլատրվում է մարդկանց օգտագործման ներկայացնել միայն կենդանիների վրա երկարաժամկետ փորձարկումներից հետո, որովհետև բացի մոտակա ի հայտ եկող ազդեցության արդյունքները, կան նաև հեռակա, անգամ սերունդներ անց հանդես եկողները։ Իսկ հիմա, փաստորեն, փորձարկումը կատարվում է անմիջապես մարդկանց վրա, ավելի ճիշտ, ողջ մարդկության։
Արդյունահանող գիգանտների մարդկությանը սովից փրկելու հավաստիացումը ընդամենը իրենց շահերից բխող լկտի սուտ է։ Իրականում սովի պրոբլեմը բոլորովին էլ սննդի պակասը չէ, դա հենց իրենց ստեղծածն է. նյութական և ֆինանսական ռեսուրսների անհամաչափ տեղաբաշխումը, դրանց կուտակումը հաշվածների գրպաններում։ Եվ դեռ այն գնալով դիտավորյալ խորացվում է…
ԳՁ ինդուստրիայի առաջնորդները ձգտում են զավթել և մենաշնորհի վերածել սերմերի, պարենի, դեղամիջոցների համաշխարհային շուկան, բոլորովին չմտահոգվելով, կամ էլ, հակառակը, «մտահոգվելով» մարդկության ապագայով։ Եվ դեռ դա միայն սկիզբն է. մի քանի տարի անց հավանաբար հնարավոր չի լինի գտնել բնական մթերքներ։ Իսկ նպատակը գլոբալ, համաշխարհային տիրապետության ստեղծումն է, որտեղ «ավելորդները» պետք է վերացվեն, և որքան շուտ, այնքան լավ։ Ըստ նրանց «հանճարեղ» հաշվարկների, իրենց իշխանությանը ծառայող մարդուկները չպետք է ավելին լինեն, քան մեկ միլիարդը։ Իսկ մենք համարձակվել ենք հասնել վեցի և դեռ շարունակում ենք աճել։
ԳՁ մթերքներն արդեն տարածվել և վաճառվում են աշխարհի տարբեր երկրներում, հատկապես զարգացող և հետամնաց երկրներում։ Եվ չեն սխալվում նրանք, ովքեր գտնում են, որ .ատոմային ռումբը կարելի է հսկողության տակ վերցնել, կառավարել, իսկ ԳՁՕ-ն /գենետիկ ձևափոխված օրգանիզմներ/` ոչ։ Այն արդեն քամու պես թափանցել է աշխարհի բոլոր բաց ու փակ դռներից ներս։
Ցանկացած մուտացիա օրգանիզմի գենետիկ ապարատում վնասակար է նրա համար։ Մուտացիաներն ի հայտ են գալիս ոչ միայն շրջակա միջավայրի աղտոտման հետևանքով, այլ նաև անորակ կամ փոխված սննդի։ Հին հույներն ասել են. «Մենք կազմված ենք նրանից, ինչ ուտում ենք»։ Նման իմաստությունները բոլոր ժամանակների համար են։ Գենային ինժեներիան, որը սահմաններ չի ճանաչում, բերում է գենետիկ հավասարակշռության խախտման, սկզբում բույսի, ապա մարդու մեջ, որն օգտագործում է այդ մթերքը։
Արդեն անգամ առանց լուրջ հետազոտությունների էլ` այս անցած տարիներին մի հայացք նետելն էլ բավական է, հասկանալու համար ԳՁ-ների վտանգավորությունը մարդկանց առողջության վրա։ Նախ սկսենք նրանից, որ հենց միայն 19-րդ դարից կիրառում ստացած սննդի ռաֆինացումն իր լուրջ հետևանքներն ունեցավ մարդկանց առողջության վրա. խիստ մաքրված բրինձը պատճառ դարձավ վիտամինային անբավարարության /բերի-բերի հիվանդության/, ռաֆինացված շաքարը աթերոսկլերոզի և շաքարային դիաբետի զարգացման պատճառներից մեկն է և այլն։ Իսկ ինչ սպասել ներթափանցումից այնպիսի գաղտնախորհուրդ մի տարածք, ինչպիսին ժառանգական հատկանիշները կրող ԴՆԹ-ինն է։
Քաղցկեղը, դիաբետը, ալերգիաները խիստ տարածում են գտել տրանսգեն մթերքների օգտագործումից հետո, ամերիկացիների մոտ ճարպակալումն ի հայտ եկավ նույնպես այդ մթերքներից։ Ռուս գիտնականների ուսումնասիրությունները հաստատում են արտասահմանյան կոլեգաների եզրահանգումները. որքան մարդ շատ է օգտագործում ԳՁ մթերք, այնքան մեծ են արյան չարորակ փոփոխությունները, չարորակ նորագոյացությունները օրգանիզմում, աղեստամոքսային տրակտի և ներվային համակարգի ախտահարման վտանգը, հաստատված է նաև արյան անանցանելիության` արդյունքում ինֆարկտի, ինսուլտի աճը։ Սկանդինավիայի երկրներում, որտեղ բոլորովին չեն օգտագործում ԳՁ մթերքներ, ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունները 7-8 տոկոս են, իսկ ԱՄՆ-ում և Կանադայում 60-70 տոկոս։
Շատ քիչ արված փորձարկումները գալիս են հաստատելու դրանց վտանգավորությունը. կենդանիները սկզբում հրաժարվել են ԳՁ սննդից, և միայն, երբ դրա մակարդակը քչացվել է, սկսել են աստիճանաբար վարժվել։ Բայց որոշ ժամանակ անց նկատվել է վարքի փոփոխություն, դարձել են շատ ագրեսիվ, իսկ երբ ուսումնասիրել են նրանց ներքին օրգանները, պարզվել է, որ բոլորի մոտ կան ստամոքս-աղիքային սիստեմի լուրջ պաթոլոգիաներ, լյարդի, երիկամների մեծացում, դրանց բջջային ստրուկտուրան փոխվել է անճանաչելիորեն, նույնիսկ արյան ֆորմուլան է ենթարկվել փոփոխության։ Սեռական օրգանները նույնպես ենթարկվել են մուտացիայի, առկա է եղել ձվարանների դիստրոֆիա։ Մկների և առնետների վրա կատարված փորձերը ցույց են տվել,որ ԳՁ սնունդն ազդում է նրանց սերնդատվության վրա, իսկ սերունդ ունենալու դեպքում էլ 60-70 տոկոսը առաջին օրերին սատկում են, մյուսներն էլ չեն հասնում հասուն տարիքի։ Անգլիայում` Արպադ Պոստայի փորձերում, ձնծաղկի գենով ձևափոխված կարտոֆիլով կերակրված առնետների մոտ նկատվել է լյարդի քայքայում, իմունիտետի թուլացում և, նույնիսկ, ուղեղի փոքրացում…
Գարեջրի և հացի արտադրության մեջ շատ խմորիչներ գենետիկ փոխված են. հետազոտությունները ցույց են տվել, որ դրանց մեջ կուտակվում է մուտագեն և բարձր տոքսիկականություն ունեցող մեթիլգլիօքսալ նյութը։ Փաստորեն այն հայտնվում է հացի և գարեջրի մեջ… բոլորի սեղաններին…ամեն Աստծո օր…
Գենետիկ փոխված սոյայի մեջ միանգամից երեք տարբեր գեներ են մտցված` բակտերիայի, վիրուսի և ծաղկի; Արդյունքում սոյայի օգտագործումը թողնում է սուր և խրոնիկ հետևանքներ, միաժամանակ խանգարում է օրգանիզմին յուրացնել իրեն անհրաժեշտ լիարժեք սնունդը։ Սոյայով կերակրված առնետների մոտ ծնված նորածինների կեսից ավելին սատկել են, մնացածն էլ եղել են փոքր կշռով, թույլ, անկենսունակ, տարբեր անոմալիաներով, լյարդում և ձվարաններում լուրջ փոփոխություններով։ Իսկ սոյան օգտագործվում է բազմաթիվ մթերքների արտադրության մեջ. հաց, շոկոլադ, մարգարին, պաղպաղակ, երշիկեղեն և այլն… Մանկական սննդի արտադրությունն աստիճանաբար անցնում է արտասահմանյան կորպորացիաների ձեռքը։ Իսկ մանկական սննդում արդեն վաղուց են օգտագործում գենետիկ ձևափոխված սոյա, եգիպտացորեն և այլ հատիկավորներ…
Գերմանացի գիտնականները պարզել են, որ տրանսգենային բույսի ծաղկափոշով սնվող մեղվի ստամոքսում գտնվող բակտերիաները ենթարկվում են մուտացիաների։ Իսկ ԳՁ սննդամթերքներ օգտագործելիս աղիքային բակտերիաները յուրացնում են ԳՁՕ որոշ գեներ և դառնում կայուն հակաբորբոքիչների նկատմամբ։ Վնասատուների դեմ թունանյութեր արտադրող ԳՁՕ-ները չեն կարող թունավոր չլինել նաև կենդանիների և մարդկանց համար։ ։ Կան բույսեր, որոնք հարստացված են ԳՁՕ դեղերով և վակցինաներով, փաստորեն, դրանք կարող են օգտագործել լրիվ առողջ մարդիկ։ Այն դաշտերում, որտեղ աճեցվում են հերբիցիդների հանդեպ կայուն ԳՁՕ-ներ, գրանցվել է «սուպերմոլախոտերի» հայտնվելը, որոնք նույնպես կայուն են տվյալ հերբիցիդի նկատմամբ։
ԳՁ բույսերի աճեցումը բացահայտ սպառնալիք է նաև էկոլոգիայի համար։ Այժմ վտանգի տակ է ոչ միայն մարդու առողջությունը, այլև մեր ողջ կենսոլորտի կենսագոյությունը։ Տասնյակ հազարավոր նոր ԳՁ բակտերիաներ, սնկեր, վիրուսներ, բույսեր և կենդանիներ կարող են բաց թողնվել երկրի էկոհամակարգ. ստեղծել քաոս և ամայացնել կենսոլորտը։
Վերջին տարիներին արդյունաբերական և կենցաղային նպատակներով ստեղծվում են նաև ԳՁ ծառերի տնկարաններ։ Այդպիսի ծառերը շատ արագ են աճում` տարեկան մի քանի մետր։ Դրանք երկարակյաց չեն և աղտոտում են հողը։ Վտանգավոր է նաև դրանց ծաղկափոշին, որը սպանում է կենդանի ամեն ինչ, բացի հենց այդ ծառերից, նաև տարածվելով կիլոմետրերով` փոշոտվում է այլ բնիկ բույսերի հետ և ավելի տարածվում։ Դրանք պտուղ չեն տալիս, կայուն են հերբիցիդների նկատմամբ, իսկ տերևները արտաթորում են թրթուրներին և մյուս միջատներին սպառնացող նյութեր։ Դրանք երկրորդ սերունդ չտվող սպանող ծառերից կազմված անտառներ են։
Տրանսգեն բույսերը նաև քիչ առ քիչ վերափոխում են դասական բուսատեսակները։ ԳՁ տեսակները արմատական փոփոխության են ենթարկում նաև հողի միկրոֆլորան, այդ վայրերում դասական տեսակները կամ վատ, կամ էլ ընդհանրապես այլևս չեն աճում։
Բնության մեջ ի վերուստ բացառված է բույսերի և կենդանիների տարբեր տեսակների, առավել ևս դասերի միջև խաչասերումը։ Եթե այնուամենայնիվ նման խաչասերում լինում է` սերունդն անպտուղ է, ինչպես օրինակ, ձիու և ավանակի խաչասերումից ստացված ջորին, իսկ զեբրը և կովը խաչասերման արդյունքում սերունդ չեն տվել։ Անպտուղ են նաև տրանսգեն օրգանիզմների մեծ մասը, կամ էլ սերնդատվությունը շատ ցածր է։
ԳՁՕ-ն օգտագործվում է նաև որպես գենետիկ զենք։ Առաջին անգամ այն օգտագործվել է Հարավային Աֆրիկայում։ Իմաստը հետևյալում է. Ասենք, կարտոֆիլի մեջ մտցվում է որևէ գեն, որը մարդու օրգանիզմում ներդրվելով նրա գենետիկ կառուցվածքում, մինչև որոշ ժամանակը «լռում» է։ Այն լռում է այնքան ժամանակ, մինչև որ դրսից մտցվում է որոշակի ազդանշան։ դա կարող է լինել էլեկտրոմագնիտային բնույթի, ասենք, լազերային ճառագայթում, կամ քիմիական. Մարդը ինչ-որ հյութ է խմում և լռած գենն սկսում է գործել և արտադրել տօքսին, որը մահացու վտանգավոր է մարդու համար։ Առանց այդ էլ մարդկությանը պարտադրված ԳՁՕ- ները հզոր զենք են։ Եվ մենք մի օր վերջապես պետք է ընդունենք, որ վաղուց արդեն սկսված է չհայտարարված երրորդ համաշխարհայինը , որտեղ անտեսանելի է ճակատը և պաշտպանվելու փոխարեն մենք դեռ մի բան էլ գործում ենք թշնամու կողմից` ինքներս մեր դեմ։
Որոշ գիտնականներ պնդում են, որ ատիպիկ պնևմոնիայի բռնկումը, որից տուժեցին հիմնականում դեղնամորթ ռասայի ներկայացուցիչները, այդպիսի գենետիկ զենքի օգտագործման հետևանքով էր։ Այս օրերին խոզի գրիպից մահացության դեպքերը Մեքսիկայում և այդտեղից սպառնալիքը ողջ մոլորակի համար ևս հերթական լաբորատոր գենետիկ փոխված վիրուսի տարածման արդյունքն է։
Չնայած այն բանին, որ ԳՁՕ արտահանող երկրների /Կանադա, ԱՄՆ/ կողմից Եվրոխորհրդի վրա մեծ ճնշում է գործադրվում, արդեն տագնապի ազդանշան են հնչեցնում շատ երկրներ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՄԱԿ-ի սննդի կազմակերպությունը և այլն։ Եվրոպան անհանգստացած է և մեծ միջոցներ է ծախսում ԳՁՕ անվտանգության և նրա հետևանքների դեմ պայքարելու համար, Եվրոպական շատ երկրներ ընդհանրապես արգելել են ԳՁՕ-ների ներմուծումը, աֆրիկական երկրները, չնայած սովին, կտրուկ հրաժարվել են ԳՁ կուլտուրաների աճեցումից և ԳՁ սննդից։ Ռուսաստանում նույնպես սկսվել է խիստ հսկողություն նման մթերքի նկատմամբ։
Միջազգային առաջին փաստաթուղթն այդ ուղղությամբ 2000 թ-ին Մոնրեալում 130 երկրների կողմից ստորագրված Կարթագենի արձանագրությունն է։ Այն թույլ է տալիս երկրներին կիրառել նախազգուշության սկզբունքը և արգելել ԳՁՕ-ների ներկրումը։
2004-ին ստեղծվել է «Գենետիկական անվտանգության Համազգային Ասոցիացիա»։
Եվ սակայն, ԱՊՀ երկրների անվերահսկելի շուկաները դարձել են դրանց հիմնական սպառողները։ Այսօր Հարավային Կովկասի երկրներում առանց հսկողության վաճառվում են չստուգված գյուղմթերքներ և դրանց սերմերը, որոնց մեջ կան նաև ԳՁՕ։ Ներքին շուկայում կան շատ սննդամթերքներ, որոնք իրենց բաղադրության մեջ ունեն ԳՁ բաղադրիչներ։
Այժմ Ռուսաստանում գրեթե ամբողջ լոբազգինեի պատրաստի սննդամթերքը ստացված է գենոմոդիֆիկացված բույսերից։ Սոյայի ներկրումը վերջին երեք տարիներին ավելացել է հարյուր անգամ։ ՌԴ-ում գրանցված են 10 տեսակի ԳՁ մթերքներ. սոյայի երկու սորտ, եգիպտացորենի հինգ, կարտոֆիլի երկու տեսակ, մեկ սորտ շաքարի ճակնդեղ և դրանից ստացված շաքար։ Մսի կիսաֆաբրիկատի և կաթնամթերքի 1/3-ում կան ԳՁ սպիտակուցներ։
Որոշ երկրներում տեղական բնական բերքը արտահանվում է, իսկ ներքին շուկա լցվում են ԳՁ մթերքներ։ Վերջին տարիներին Իրաքում գրեթե ողջ տեղական սերմացուն փոխարինված է ԳՁ-ով:
1990-ականներին «Եռակողմ հանձնաժողովը» ԱՄՆ-ի համար բացեց բոլոր դռները` ամբողջ աշխարհում գյուղատնտեսությունը հսկողության տակ պահելու համար։ Մոտակա քսան տարիներին ծրագրված է համաշխարհային ողջ գյուղմթերքների և արդյունաբերական մթերքների վերամշակման անցումը միջազգային գիգանտների վերահսկողության տակ։ Դրա շնորհիվ «Եռակողմ հանձնաժողով»-ը իշխանություն կստանա իր կամքով ստեղծել առատություն կամ սով։
Դա նշանակում է, որ բոլոր երկրները կօգտագործեն թունավոր, հորմոններով, անտիբիոտիկներով հարստացված, առողջության համար վնասակար սնունդ։ Վերջնականապես կոչնչացվի հայրենական սննդարդյունաբերությունը։ Ողջ աշխարհում մարդիկ պարտադիր կերպով կօգտագործեն պեպսի և ֆանտա /որոնք նույնպես ԳՁ են և առաջացնում են ենթաստամոքսային գեղձի ախտահարում /, ԳՁ մթերք, որոնք նաև միաժամանակ հագեցված են կոնսերվանտներով /կայունացնողներով/ և այլ վնասակար` համ, հոտ, գույն, անգամ ծավալ տվող հավելիչներով։ Այս մասին էլ լրջորեն պետք է մտահոգվել, որովհետև սրանց մասին էլ ժողովուրդը գրեթե ոչինչ չգիտի. Զգուշացնող տեղեկատվություն չկա, փոխարենը, գայթակղիչ գովազդներ` որքան ասես։ Իսկ, եթե այնուամենայնիվ, երբեմն պիտակների վրա նշված են օգտագործված բաղադրանյութերը` ինչ-որ Ե-երի և այլնի անհասկանալի հիերոգլիֆային լեզվով, տառատեսակն այնքան փոքր է, որ գնումների գնալիս պետք է անպայման խոշորացույցով «զինված» լինել։
Շրջակա միջավայրի համար հատկապես վտանգավոր են սերմերը և տնկանյութը։ Հումանիտար ուղին ապահովում է դրանց անվերահսկելի ներկրումը չպաշտպանված երկրներ, ինչպիսին օրինակ, Հայաստանն է։ Հայաստանում ԳՁՕ-ների ներկրումը սկսեց աճել 90- ականներին, հատկապես մարդասիրական օգնության անվան տակ. կարտոֆիլ, լոլիկ, եգիպտացորեն, օսլա ԳՁ պարունակող մթերք, արագ աճող բարդու տնկիներ և այլն… և այլն… Չնայած Հայաստանը 2004 թ-ի մարտին վավերացրել է կենսանվտանգության մասին Կարթագենյան արձանագրությունը, պարտավորվել է հետևել «Դեկլարացիայի» կոչերին` ցուցաբերել խիստ զգոնություն և զսպվածություն ԳՁՕ-ների օգտագործման հարցերում, քանի դեռ դրանց ստացման և օգտագործման հնարավոր ռիսկերը շրջակա միջավայրի և մարդու առողջության համար վերջնականապես չեն ճշգրտված, բայց վիճակը գրեթե չի փոխվել. խանութները ողողված են գենետիկ ձևափոխված մթերքով` լոլիկ, կարտոֆիլ պարունակող, եգիպտացորեն, օսլա և այլն… Հեռուստաէկրաններից ազատ գովազդվում են կանադական ոլոռներ և այլ հատիկավորներ` արագ եփվող և այլն…
Աճելով և տարածվելով մեր երկրում ԳՁ ցորենը և այլն, կարող են փոփոխել մեր բուսականության համար բնորոշ կուլտուրական հատկանիշները, կամ իսպառ վերացնել այդ կուլտուրաները, արմատական փոփոխության ենթարկել հողի միկրոֆլորան։ Դա արդեն հանգեցրել է գյուղմթերքների տեղական ավանդական ցեղատեսակների արտամղմանը։ Մեզ մոտ դա վաղուց հայտնի է լոլիկի և կարտոֆիլի ավանդական տեսակների գրեթե վերացման օրինակով։ Վստահորեն կարելի է ասել, որ այսօր Հայաստան ներկրվող բնամթերքի սերմացուի մի մասը գենետիկ փոխված է։ Դրանք գնվում են բնակչության կողմից և ներդրվում գյուղատնտեսության մեջ։ Ինչը կարող է լրջորեն վնասել Հայաստանի էնդեմիկ կենսաբազմազանությունը։ Մենք հրաշալի բնություն ունենք, որտեղ բուսականությունը, դրանից սնվող կենդանիներից ստացված մաքուր կաթնամթերքը մեզ սնուցելուց բացի, իրենց բուժիչ հատկություններով, օգնում են նաև պաշտպանվել հիվանդություններից։ Բայց խարդախ, թաքուն սողոսկած աղետը դանդաղորեն տարածվում է մեր երկրում։ Մի օր չարթնանանք հանկարծ ողջը կորցրած և ուշ լինի արդեն… Մեր սեփական հողը կենարար պտուղների ու սննդի տեղ մեզ մատուցի մահաբերն ու կործանարարը։
Իսկ չէ որ արդեն ինչ-որ բան այն չէ. Երևի բոլորդ էլ հասկանում եք դա։ Հիվանդացությունը մեր երկրում արդեն աղետալի չափերի է հասել և հիմնականում բավականին երիտասարդների մոտ։ Ընդամենը մի 10-15 տարի առաջվա ու այսօրվա տարբերությունը հսկայական է. Ինսուլտ, ինֆարկտ, ուռուցքային տարբեր հիվանդություններ… որքան վաղաժամ մահեր… Եվ դրա պատճառների մեջ անպայման իր մեծ բաժինն ունի ԳՁՕ կոչված պատուհասը։
Բնակչության մեծ մասը չգիտի և պատկերացում չունի ԳՄՕ-ների և դրանց օգտագործման հնարավոր հետևանքների մասին։ Պարզվում է, որ հիմա վախենալ է պետք ոչ միայն բնական աղետներից, պատերազմներից, այլ հենց ափսեի մեջ հայտնված, հաճախ քիմիական ճանապարհով գայթակղիչ տեսք ու բուրմունք ստացած սննդից։
Համապատասխան պաշտոնատար անձինք խուսափում են ԳՁ մթերքի վերաբերյալ ցանկացած զրույցից, կամ տալիս են անտեղյակի կցկտուր, անորոշ պատասխաններ։ Խանութներում նույնպես վաճառողները, տնօրինության ներկայացուցիչներն անգամ` շրջապատված ԳՁ մթերքով լեփլեցուն ցուցասեղաններով, գաղափար իսկ չունեն դրա մասին։ Սուպերմարկետներից մեկում` պատասխան տալու մեծ ցանկությունից մղված, ինձ նույնիսկ Բիո մթերքի բաժին տարան, որը մաքուր սնունդ է իրենից ներկայացնում. «Գուցե սա է»;
Գենային փոփոխությունները մթերքում շատ դժվար է հայտնաբերել. դա միայն հնարավոր է բարդ լաբորատոր հետազոտություններով, իսկ նման լաբորատորիաներ չկան։ Չի արվում նաև պիտակավորում։ Եվ քանի դեռ չկա մարդկանց, բույսերի, կենդանիների վրա ԳՄՕ–ների ազդեցության մասին համապատասխան տեղեկատվություն, սննդամթերքի մեջ դրանց օգտագործումն, իհարկե, անհրաժեշտ է սառեցնել…
Արտաշիր Երվանդունի արքայի պալատի ճակատին փորագրված է եղել. «Օտարից ոչ կին առ, ոչ սննդամթերք»։ Իմաստուն են եղել մեր արքաները…Իհարկե ոչ միշտ, ոչ բոլորը, բայց հիմնականում առաջնորդվել են ազգի հանդեպ պատասխանատվության զգացումով, որն էլ հենց պարտադրել է խելամիտ լինել…
Պարզ բան է, որ այսօրվա ողջն իրար խառնած ինտեգրող, ներառող, համահարթեցնող, գլոբալացնող ժամանակներում անհնարին բան է նման մեկուսացումը, բայց պետք է ապրել աչալուրջ ու զգոն, երբեք չմոռանալով, որ սահմանները միայն բանակներով չէ, որ խախտվում են. Դա կարող է արվել և լավ էլ արվում է տարբեր երևակայելի և աներևակայելի ձևերով ու միջոցներով։ Ներխուժ ում են նաև` նախապես իրենց համար ճանապարհ բացող «բնական» աղետների ետևից «մարդասիրական» օգնության ծանր բեռներով ու «փրկարարի բարի ու կարերից» ժպիտներով։ Արտաշիր արքան օտարից էր զգուշության կոչ անում, իսկ մենք վաղեմի թշնամիներ ունենք, որոնք, եթե հազար պայմանագիր էլ ստորագրեն ու չքմեղ ժպիտներով շլացուցիչ բացեն իրենց ատամները, մեկ է, լսվելու է սեղմած ժանիքների կրճտոցը և իրեն զգացնել է տալու անհամբերության խլիրտը` ժամ առաջ ի չիք անել ողջ Ցեղը Հայոց, այս անգամ, վստահ եղեք, արդեն առանց թանգարանային նմուշ թողնելու ցանկության։ Մենք պատերազմի մեջ ենք…Մեր պատերազմը դեռ չի ավարտված,,, Իսկ զգուշանալու փոխարեն մենք հրավեր ենք նետում` դռները բացած ու աղերսում, որ առանց այս ու այն կողմ ընկնելու,, առանց թակարդների ու երևակայություն բանեցնելու, պարզապես գան ու իրենց ուզածն անեն…
Եվ դեռ դրան գումարած մոլորակով մեկ մոլեգնած անտես, անճակատ պատերազմը…Հիմա մարդկության թշնամիներն ամենուր են` ծպտյալ, անհասցե, սքողված զանազան անուններով…բայց գործում են շատ ստույգ հասցեներով, բոլոր հասցեներով…
Իսկ մենք դեռ ապրելու ենք… պարտավոր ենք ապրել… Հենց դրա համար ես մեր արքայի լոզունգը որպես դրոշ կծածանեի մեր սահմաններով մեկ…
Պետք է ապրել… և անպայման հուսալով, որ բնավ էլ ոչ բոլոր ճանապարհներն են տանում դեպի… Համաշխարհային Կառավարություն… Աշխարհի նոր կարգ… 300-ի Կոմիտեի, Օլիմպոսցիների իշխանություն և այլն, և այլն…
Եվ որ ցանկության դեպքում միշտ էլ կարելի է անհնարինը հնարավոր դարձնել։
Կարդացեք նաև
Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...
Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...
Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...
Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...
Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...
Միզապարկի քարերի առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...
Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...
Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...
Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...
Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...
Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը: Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...
Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...
Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...
Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն